Մուտք Էլ. փոստ

Հաճախակի տրվող հարցեր

Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհելու կամ նվիրելու վերաբերյալ

 

1.Հարց. Ու՞մ կարող են սեփականաշնորհվել հանրակացարանային բնակելի տարածքները

Պատասխան. Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

 

2.Հարց. Ի՞նչ կարգով են սեփականաշնորհվում հանրակացարանային բնակելի տարածքները ՀՀ-ում

Պատասխան. Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի <1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին> N 404 որոշմամբ հաստատված կարգով:

 

3.Հարց. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների սեփականաշնորհման համար

Պատասխան.

1) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից ներկայացված դիմում` տվյալ հանրակացարանը տնօրինող վերադաս կառավարման մարմնին ուղղված,

2) համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությունը,

3) իրավասու մարմինների կողմից տրված`

- անձի` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը հավաստող տեղեկանք,

- զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքում անձի 3 տարվանից ավելի բնակվելու փաստը հաստատող տեղեկանք:


4.Հարց.  Ի՞նչ կարգով են նվիրվում բնակելի տարածքները ՀՀ-ում

Պատասխան. Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքները նվիրվում են ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի <Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին> թիվ 305-Ն որոշմամբ հաստատված կարգով:

 

5.Հարց. Ու՞մ կարող են նվիրվել բնակելի տարածքները ՀՀ-ում

Պատասխան. Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքները նվիրվում են համապատասխան տարածքում 5 տարվանից ավելի տեղում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վերջին 5 տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք (բացառությամբ չկառուցապատված հողամասերի) և բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարաններ չեն ստացել, իսկ նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև սահմանված կարգով վճարել են վարձավճարները:

 

6.Հարց.  Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների նվիրատվության համար

Պատասխան. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց կողմից զբաղեցրած տարածքի նվիրատվության համար տվյալ բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) անձնագրի պատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի պատճենը.

3) մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում` ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները` հաշվառման էջով  կամ նույնականացման քարտերի պատճենները.

4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները.

5) տեղեկանք բնակության վայրից` վերջին 5 տարվա ընթացքում տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ, ինչպես նաև նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը՝ կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) ընտանիքի չափահաս անդամների կողմից տրված լիազորագիր (համաձայնագիր)` իրենց անունից համապատասխան պետական կառավարչական մարմնում հանդես գալու համար.

7) համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված տեղեկանք վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի (բացառությամբ չկառուցապատված հողամասերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ օտարման բացակայության վերաբերյալ.

8) նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև տեղեկանք վարձավճարի մասով պարտք չունենալու վերաբերյա.

9) նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար՝ տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված` համապատասխան տարածքում վերջին 5 տարվա ընթացքում հաշվառված լինելու վերաբերյալ.

10) սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում` տեղեկանք համայնքի ղեկավարից՝ հողամասի չկառուցապատված լինելու մասին:

 

7.Հարց.  Ո՞ր մարմինն է կնքում  նվիրատվության մասին պայմանագրերը և ի՞նչ հիմքով

Պատասխան. ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերը կնքում են բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմինները` ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման համաձայն:

 

8.Հարց. Ե՞րբ է բնակելի տարածքի նվիրատվության գործարքը համարվում կայացած

Պատասխան.  Բնակելի տարածքի նվիրատվության գործարքը համարվում է կայացած  բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմնի կողմից կնքված և նոտարով հաստատված նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակելի տարածքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման պահից:

 
Ոլորտի օրենսդրական հարցեր
 
 
1. Հարց. ի՞նչ է պետական գույքը
Պատասխան. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույք, ներառյալ արժեթղթեր, դրամական միջոցներ, ոչ նյութական ակտիվներ և գույքային իրավունքներ:
 
2. Հարց. ի՞նչ է պետական գույքի կառավարումը
Պատասխան. պետական գույքի նպատակային տնօրինման, տիրապետման և օգտագործման, այդ թվում հաշվառման, գնահատման, պետական իրավունքի գրանցման, պետական գույքի շրջանառության, ինչպես նաև գույքի պահպանվածության ապահովման ու նպատակային կառավարման նկատմամբ վերահսկողության կազմակերպված գործընթաց:
 
3. Հարց. ի՞նչ է պետական առևտրային կազմակերպությունը
Պատասխան. պետական առևտրային կազմակերպությունը ընկերություն է, որի 100 տոկոս բաժնետոմսերը պետական սեփականություն են:
 
4.Հարց. ի՞նչ է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը
Պատասխան. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունն ընկերություն է, որի բաժնետոմսերի 50 և ավելի տոկոսը պետական սեփականություն են:
 
5. Հարց. ի՞նչ է ոչ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը
Պատասխան. ոչ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը պետական մասնակցությամբ ընկերություն է, որի բաժնետոմսերի 50 և ավելի տոկոսը ոչ պետական սեփականություն են:
 
6. Հարց. ի՞նչ է պետական գույքի մասնավորեցումը
Պատասխան. «Պետական գույքի մասնավորեցման  /սեփականաշնորհման/ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին համապատասխան իրականացվող պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի ծրագրային փոխանցումն է մասնավորեցման սուբյեկտներին:
 
7. Հարց. ի՞նչ է պետական գույքի օտարումը
Պատասխան. պետական գույքի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումն է իրավաբանական և ֆիզիկական անձանց,համայնքներին, ինչպես նաև օտարերկրյա անձանց:
 
8. Հարց. ի՞նչ է իրենից ներկայացնում պետական գույքի միասնական գրանցամատյանը
Պատասխան. պետական գույքի միասնական գրանցամատյանը տեղեկատվական համակարգ է, որը ներառում է պետական գույքի անվանացանկը և գույքի տեխնիկական և տնտեսական նկարագիրը, օգտագործողների վերաբերյալ տեղեկատվությունը և օգտագործման իրավունքի տեսակը:
 
9. Հարց. ի՞նչ է պետական գույքի կառավարման ծրագիրը
Պատասխան. պետական գույքի կառավարման ծրագիրը պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված տվյալ ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների և գործարքների, առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող փաստաթուղթ է:
 
10. Հարց. ի՞նչ է պետական գույքային հարաբերությունները
Պատասխան. պետական գույքային հարաբերությունները, դրանք հարաբերություններ են, որոնք ծագում են պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման, ինչպես նաև գույքային շրջանառության ընթացքում պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների միջև:
 
11. Հարց. ի՞նչ է գույքային շրջանառությունը
Պատասխան. գույքային շրջանառությունը քաղաքացիական օրենսգրքով, հողային օրենսգրքով, և գույքի տարբեր տեսակների կառավարման առանձնահատկությունները սահմանող իրավական ակտերին համապատասխան գործարքներ կնքելու միջոցով գույքի և դրա նկատմամբ իրավունքների անցումն է մեկ անձից մեկ այլ անձի:
 
12. Հարց. ի՞նչ է պետական գույքային շրջանառությունը
Պատասխան. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, պետական գույքի մասնավորեցման և օտարման օրենսդրությամբ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով գույքի նկատմամբ իրավունքների անցումն է պետությունից իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքներին և օտարերկրյա անձանց:
 
13. Հարց. ի՞նչ է համարվում պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների պահպանում
Պատասխան. շենք, շինությունների նորմատիվային ծառայության ժամկետում պահանջվող վերականգնողական աշխատանքների իրականացումն է, որն ապահովում է դրանց ըստ նպատակային նշանակության օգտագործումը:
 
14. Հարց. ի՞նչ է համարվում պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների սպասարկում
Պատասխան. շենք, շինությունների ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, վերելակների և սանհանգույցների անխափան աշխատանքի, ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում նաև նկուղների և տանիքների) պահանջվող սանիտարահիգենիկ պայմանների և լուսավորության ապահովման և աղբահանության իրականացման, սպասարկման գույքով ապահովման, ինչպես նաև հսկիչ անցաթղթային անվտանգության ծառայությունների մատուցումն է որոշակի վճարի դիմաց:
 
15. Հարց. պետական գույքը վարձակալները ի՞նչ արտոնություններ ունեն մասնավորեցման գործընթացում
Պատասխան. եթե վարձակալած գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մաս չէ և եթե վարչական և հասարակական շենքերում և շինություններում վարձակալած տարածք չէ, պետական գույքի վարձակալները ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք:
 
16. Հարց. ի՞նչպես է հաշվարկվում պետական գույքի վարձավճարը
Պատասխան. պետական գույքը վարձակալության տրամադրելիս գույքի ամսական վարձավճարները հաշվարկվում են ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի <Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինությանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին> N125-Ն որոշման համաձայն:
 
17. Հարց. ինչպե՞ս են ՀՀ-ում պետական գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում աճուրդները
Պատասխան. ՀՀ-ում պետական գույքը աճուրդով վաճառվում է ՀՀ կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի <Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին> N 387 որոշմամբ հաստատված կարգով:
 
18. Հարց. որո՞նք են պետական գույքի մասնավորեցման ձևերը
Պատասխան. պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետևյալ ձևերով`
1) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն.
2) աճուրդ.
3) մրցույթ (այդ թվում` միջազգային մրցույթ).
4) ուղղակի վաճառք.
5) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում.
6) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով.
7) բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում.
8) պետական գույքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:
 
19. Հարց. ինչպե՞ս է մասնավորեցվում լուծարված պետական ընկերությունների գույքը
Պատասխան. լուծարված պետական ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել <Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին> ՀՀ օրենքով սահմանված ձևերով` որպես գույքի առանձին տարրեր, ինչպես նաև այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով:
 
20. Հարց. ի՞նչ երաշխիքներ կարող է տալ պետությունը մասնավորեցման մասնակիցներին
Պատասխան. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է մասնավորեցման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Մասնավորեցման ընթացքում և հետևանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց վերջիններիս համաձայնության:
 
21. Հարց. ինչպե՞ս կարող են մասնավորեցման գործարքները անվավեր ճանաչվել
Պատասխան. մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետևանքով պետական սեփականություն ձեռք բերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով:
Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաև մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:
 
22. Հարց. ու՞մ կարող է տրամադրվել պետական անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով
Պատասխան. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`
1) համայնքներին
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց
3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին
4) միջազգային կազմակերպություններին
5) ֆիզիկական անձանց
6) անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ կազմակերպությունների:
 
23. Հարց. կարո՞ղ է արդյոք անհատույց օգտագործման տրամադրված տարածքն օգտագործողը տրամադրել վարձակալության
Պատասխան. անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի:
 
24. Հարց. ու՞մ կողմից է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրվում անհատույց օգտագործման
Պատասխան. պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որով կարող են սահմանվել նաև անհատույց օգտագործման տրամադրման այլ պայմաններ:
Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` օգտագործողի հետ կնքելով նաև սպասարկման պայմանագիր:
 
25. Հարց. ի՞նչ ձևերով կարող է պետական գույքը տրամադրվել վարձակալության
Պատասխան. պետական գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի եղանակով կամ աճուրդով` ՀՀ կառավարության 2001 թվակնի փետրվարի 22-ի <Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինությանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին> թվականի N 125-Ն որոշմամբ հաստատված կարգով:
 
26. Հարց. ու՞մ կարող է ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել պետական սեփականություն համարվող գույքը
Պատասխան. ուղղակի վաճառքի ձևով պետական գույքը կարող է մասնավորեցվել պետական գույքի վարձակալին, աշխատավորական կոլեկտիվին, ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին) կամ հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է:
 
27. Հարց. ի՞նչն է հիմք հանդիսանում պետական գույքը վարձակալներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու համար
Պատասխան. պետական գույքը վարձակալներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացված հայտը:
 
28. Հարց. ինչպե՞ս է իրականացվում մրցույթի մասին հրապարակումը
Պատասխան. մրցույթի կազմակերպիչը մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը հրապարակում է մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ: