Մուտք Էլ. փոստ

Կրճատված ծառայողական մեքենաների վաճառքը բաց է և թափանցիկ

 Կրճատված ծառայողական մեքենաների վաճառքը բաց  է և թափանցիկ

(Պարզ երկնքում մութ ամպեր մի փնտրեք)

 

Լրատվամիջոցներից մեկում 26.10.2016թ. հրապարակված «Մութ ամպեր» վերնագրով կեղծ լուրը շրջանառություն է գտել որոշ պարբերականներում, ինչից ելնելով արծարծվող թեմայի շուրջ ներկայացնում ենք իրական պատկերը:

Լրատվամիջոցը վկայակոչում է սեփական «իշխանական» աղբյուրներն ու շտապում ընթերցողներին տեղեկացնել, որ  «ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա /Արման Սահակյանը/ ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի արդյունքում իր ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում հայտնված ծառայողական մեքենաները»։

Շատ կցանկանայինք, որ լուրի հեղինակը գոնե մեկ մեքենայի օրինակով կշիռ ու հավաստիություն հաղորդեր իր մտքին, սակայն դրա անհնարինության պատճառով հետևյալ փաստերն ու մեկնաբանությունն ենք ներկայացնում.

Օպտիմալացման արդյունքում վաճառքի ներկայացվող մեքենաները հիմնականում մեծ մաշվածություն ունեն, դրանցից մի ստվար խումբ ընդհանրապես պիտանի չէ շահագործման: Ի տարբերություն նախորդ տարիների, այսօր արդեն պետական շարժական գույք գնել ցանկացողները /տվյալ դեպքում` մեքենա/ կարող են և այցելում են կենտրոնացված պահատեղի` մոտ 1.5հա տարածքով /Երևան,  Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով/ և տեղում ծանոթանում մեքենայի վիճակին:

 

Օպտիմալացվող ծառայողական մեքենաների վաճառքի փաստացի իրավիճակը.

 

Կառավարության հայտարարած օպտիմալացման արդյունքում ընդհանուր պետք է կրճատվի 1084 ծառայողական ավտոմեքենա, որից ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 598-Ա, N 610-Ա, N611-Ա և հունիսի 23-ի N681-Ա որոշումներով օտարման նպատակով ՊԳԿ վարչությանն է հանձնվել 444 տրանսպորտային միջոց:

Նախ իրականացվել են փոխադրամիջոցների հանձնման-ընդունման, զննման ու պահառության ընդունման գործընթացները,  այնուհետև մեքենաները հանվել են հաշվառումից, սեփականության վկայականներ են ստացվել, որից հետո  սկսվել են շուկայական մեթոդով գնահատման, ապա և հրապարակային աճուրդների կազմակերպման գործընթացները:

26.10.2016թ. դրությամբ օպտիմալացված մեքենաներից գնահատվել է 149 փոխադրամիջոց, որից 78-ի համար արդեն իսկ կազմակերպվել են աճուրդներ: Մնացած 71 փոխադրամիջոցներից  39-ի առաջին աճուրդը կկայանա նոյեմբերի 2-ին,  12 մեքենայի աճուրդ՝ նոյեմբերի 7-ին, 20 մեքենայի աճուրդ՝ նոյեմբերի 18-ին:

 

Արդեն իսկ կազմակերպված աճուրդներով օտարման ներկայացված 78 մեքենաներից 60-ի գնահատված արժեքները տատանվում են 15-150 հազ. դրամի շրջանակներում: Այդ մեքենաների

տեխնիկական վիճակը լիարժեք պատկերացնելու համար  բավական է նշել, որ  65 մեքենա կամ շուրջ  85%-ը մինչև 1999թ. արտադրության հնամաշ, հիմնականում չշահագործվող մեքենաներ են:

Օտարման ներկայացված 78 միավոր տրանսպորտային միջոցներից առայսօր աճուրդով վաճառվել է ընդամենը 13 մեքենա /մոտ 16 %/: Ընդ որում, 4 մեքենա վաճառվել է առաջին աճուրդով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով,  7 մեքենա` երկրորդ աճուրդով, որից 2 փոխադրամիջոց մրցակցության արդյունքում վաճառվել է մեկնարկային գնից 30-49 տոկոսով ավելի բարձր գնով,  իսկ 2 մեքենա վաճառվել է երրորդ աճուրդով:

 

  • Բոլոր աճուրդները կայանում են դասական, հրապարակային կարգով, ինչը նշանակում է, որ մրցակցության առկայության դեպքում վաճառվող գույքի գինը կարող է և բարձրանալ:
  •  
  • Աճուրդներին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիները: Բոլոր աճուրդները տեսաձայնագրվում են. կարելի է դրանց միջոցով տեսնել ու լսել ցանկացած աճուրդի ընթացք և հետևություններ անել:
  •  
  • Աճուրդների մասին հայտարարությունները օրենքով սահմանված կարգով հրապարակվում են Արդարադատության նախարարության azdarar.am և Վարչության  spm.am կայքերում: Հայտարարություններում նշվում են աճուրդներին մասնակցելու բոլոր պայմաններն ու քայլերը:
  •  

Գործընթացը շարունակական է և կարգի համաձայն կարող է տևել 6 ամսից ոչ ավելի: Եվս մեկ անգամ փաստենք` հրապարակային աճուրդները հասանելի են բոլոր հետաքրքրվողներին և աճուրդին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

 

Հետևաբար որոշ լրատվամիջոցների հորդորում ենք պարզ երկնքում մութ ամպեր չփնտրել,  հեռահար նպատակներով «շրջանառվող» լուրերի փոխարեն առաջնորդվել փաստերով:

Եվս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության գործունեությունը բաց և թափանցիկ է, մենք պատրաստ ենք լրատվամիջոցների բարձրացրած ցանկացած հարցադրումների արագ արձագանքին: