Մուտք Էլ. փոստ

Կրճատվում է ծառայողական ավտոմեքենաների թիվը

Կրճատվում է ծառայողական ավտոմեքենաների թիվը

 

ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի թիվ 1033-Ն որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ ստեղծվել է վաճառքի ենթակա պետական շարժական գույքի կենտրոնացված պահառության վայր` Երևան,  Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով:

Վարչությունը հատկացված տարածքը բարեկարգել է, ապահովել տեսահսկման սարքերով, օժանդակ ծառայություններով, անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որտեղ այսուհետ պետք է պահվի, կայանվի աճուրդի ներկայացվող մինչև 5 մլն դրամ արժողությամբ շարժական պետական գույքը: Մայրաքաղաքի Հաղթանակ թաղամասում ավելի քան մեկուկես հա զբաղեցնող տարածքում ստեղծվել են պատշաճ պայմաններ՝ պահառության հանձնվող գույքի զննության, ուսումնասիրության, ինչպես նաև՝ պահպանության համար:

 Ինչպես հայտնի է, կառավարության հայտարարած օպտիմալացման արդյունքում ընդհանուր պետք է կրճատվի 1084 ծառայողական ավտոմեքենա, որից օտարման նպատակով ՊԳԿ վարչությանն է հանձնվել 579-ը` սահմանված ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 598-Ա, N 610-Ա, N611-Ա և հունիսի 23-ի N681-Ա որոշումներով: Մնացածը ՊՈԱԿ-ների ու ՓԲԸ-ների սեփականությունն է և դրանց օտարման գործընթացը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից:

Հերթական անգամ պահառության վայր է այցելել Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ տեղում համոզվելու, որ պահառության պայմանները պատշաճ են և պետական գերատեսչություններից օպտիմալացման արդյունքում կենտրոն բերված հարյուրավոր ավտոմեքենաների հանձնման-ընդունման, զննման ու գնահատման աշխատանքները բարձր մակարդակով են իրականացվում:

Ընդունման–հանձնման աշխատանքների հիմնական մասն ավարտվել է, ինչից հետո Վարչության՝ ՊԵտական գույքի գույքագրման ու գնահատման գործակալությունը ձեռնամուխ կլինի ավտոմեքենաների` գնահատման գործընթացին: Այնուհետև մեքենաները  դասական աճուրդի եղանակով վաճառքի կհանվեն Վարչության՝ Աճուրդի կենտրոնի միջոցով:

Պահառության վայրում ևս մեկ անգամ Վարչության պետ Արման Սահակյանը հայտարարել է, որ ցանկացած քաղաքացի կարող է այցելել պահառության վայր, ծանոթանալ իրեն հետաքրքրող գույքի վիճակին, տեխնիկական չափորոշիչներին և գնելու ցանկության դեպքում սահմանված կարգով աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնել: Կառույցի ղեկավարը հանձնարարել է ամբողջ գործընթացի համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ բարձր մակարդակով ապահովել պահառության կենտրոն այցելող քաղաքացիների սպասարկումն ու մասնագիտական խորհրդատվությունը:

Աճուրդի հայտարարությունները ինչպես միշտ` կտեղակայվեն azdarar.am և spm.am կայքերում: