Մուտք Էլ. փոստ

Հանրակացարանների նվիրատվությունն ու սեփականաշնորհումը շարունակվում են

Հանրակացարանների նվիրատվությունն ու սեփականաշնորհումը շարունակվում են

 

Պետական գույքի կառավարման վարչության առաջնահերթ խնդիրներից են հանրակացարանային տարածքների նվիրաբերությունն ու սեփականաշնորհումը տարիներ շարունակ դրանք զբաղեցնող սոցիալապես անապահով ընտանիքներին: Կառավարության կողմից համապատասխան որոշումներով հնարավորություն է ստեղծվել՝ գործընթացը յուրաքանչյուր անձի ու ընտանիքի համար հնարավորինս  արագ կազմակերպելու համար, առանց ժամանակի կորստի ու լրացուցիչ ծախսերի:

Վարչության պետ Արման Սահակյանի հանձնարարականով  հանրակացարանային տարածքներում ապրող բնակիչներին վարչության աշխատակիցների կողմից պարբերաբար մանրամասն ներկայացվում են սեփականաշնորհման կամ նվիրաբերության պայմանները, որոնց համապատասխանելու դեպքում քաղաքացիները սկսում են արագացված և դյուրացված գործընթացը: Պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված են նաև Վարչության spm.am կայքում, պարբերաբար ներկայացվում են լրատվամիջոցներով, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ մարդկանց իրազեկել նման  հնարավորության մասին: Արդյունքում վերջին տարիներին հնարավոր է դարձել միանգամից տասնյակ ընտանիքների խնդրի կարգավորումը: Թարմ օրինակ` Գորիսից:

Օրեր առաջ ՊԳԿ վարչության աշխատակիցները հաճելի  առաքելությամբ գործուղվել են Սյունիքի մարզ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 199-Ա որոշմամբ թույլատրվել է Վարչության  հաշվեկշռում գտնվող Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1 հասցեում գտնվող Գորիսի պետական համալսարան ՊՈԱԿ-ին ամրացված հանրակացարանի բնակելի տարածքները հետ վերցնել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այդ տարածքներում բնակվող ՀՀ քաղաքացիներին` սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Որպեսզի մեր հայրենակիցները մայրաքաղաք հասնելու համար լրացուցիչ ծախսեր չկրեն ու ժամանակ չկորցնեն, Վարչության պետի հանձնարարականով աշխատակիցներն իրենք են այցելել շահառուներին և տեղում նշված որոշման հիմքով 20 բնակարանների նվիրառուների հետ սույն թվականի հունիսի 23-ին կնքել բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրեր:

 Հետագայում արդեն սեփականության իրավունքի գրանցումը հնարավորություն կտա 57 անձի իրապես տեր լինել սեփական համեստ կացարանին` ի տարբերություն նախորդ տարիների, երբ վստահ չէին, որ անգամ այդ հանրակացարանային սենյակները մի օր իրենց սեփականությունը կդառնան:

Նույն շենքում ավելի վաղ նվիրաբերվել է ևս 17 սենյակ, մնացել է 49-ը: Վարչության աշխատակիցները շնորհավորել են շահառուներին նաև Վարչության պետի անունից, հանդիսավորությամբ նրանց հանձնել կնքված պայմանագրերը: