Մուտք Էլ. փոստ

Կենտրոնացված պահառություն` օտարման ենթակա շարժական գույքի համար

Պետական գույքի օտարման գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ  ՀՀ կառավարության որոշումներով ստեղծվել են իրավական հիմքեր, համաձայն որոնց, 2016 թվականից սկսած, վարչության ենթակայության «Պե­տական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազ­մակերպությունն իրականացնում է հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուրը մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով օտարման ենթակա շարժական գույքի /տրանսպորտային միջոցների/ պահառություն:

Համաձայն գործող կարգերի, օտարման ենթակա յուրաքանչյուր միավորը՝ շարժական գույքը, պետք է տեղափոխվի ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 10-ի N 1033-Ն որոշմամբ պահառության նպատակով հատկացված՝ Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող մասնագիտացված տարածք: «Պե­տական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից պահառությունն իրականացվում է տվյալ գույքի օտարման գործընթացի ամբողջ ժամանակահատվածում:

ՊՈԱԿ-ը ստեղծել է համապատասխան պայմաններ՝ նշված տարածքում պատշաճ պահառություն իրականացնելու համար. մասնավորապես, տարածքում արտաքին լուսավորության նոր ցանց է անցկացվել և տեսախցիկներ են  տեղադրվել:

Պահառության ամբողջ ժամանակահատվածում օտարման ենթակա պետական գույք ձեռք բերելու ցանկություն հայտնած անձինք կարող են առանց որևէ խոչընդոտի տեղում ուսումնասիրել օտարման գործընթացում գտնվող շարժական գույքը: