Մուտք Էլ. փոստ

Տարեկան ժողովները՝ խնդիրների և լուծումների առաջադրման հարթակ

Տարեկան ժողովները՝ խնդիրների և լուծումների առաջադրման հարթակ

 

Ապրիլ-մայիս ամիսներին տարեկան ժողովներ են գումարել նաև «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ», «Երառսպասարկում» «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերությունները՝ 100% պետական  բաժնեմասով, ՙՙԱրաքս՚՚ ՓԲԸ–ն՝ 80 տոկոսով: Քննարկվել են ընկերությունների տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև՝  2015թ. շահույթի /վնասի/ հաշվարկի և բաշխման հարցեր, հաստատվել է տարեկան շահութաբաժնի չափը: Այս ընկերությունների դեպքում ևս առաջնահերթ են արդյունավետ կառավարման հարցերը, որոնք նույնպես քննարկվել են, առաջադրվել լուծման տարբերակներ, համապատասխան որոշումներ կայացվել:

 

Համառոտ տեղեկանք

 

ՀՀ կառավարությունը 2000 թվականի դեկտեմբերի 25-ին «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու մասին» թիվ 871 որոշումն է կայացրել:

Համաձայն ՀՀ կառավարության 13.12.1999թ. թիվ 747 որոշման, «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը վերապահվել է  ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման վարչությանը:

Ընկերության հիմնական գործունեության  ոլորտը  ստացիոնար և ամբուլատոր պայմաններում ֆիզիկական և այլ գործոնների կիրառմամբ, բժշկական ռեաբիլիտացիայի և բժշկական խորհրդատվության, հիվանդությունների ախտորոշման, գիտաբժշկական հետազոտությունների  իրականացումն է:

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական հասցեն է ք. Երևան,  Օրբելի 41:     Նշված հասցեում ընկերությունն ունի 1.7863 հա հողատարածքով 12630,32 ք/մ մակերեսով շենք և 2694.58 ք/մ մակերեսով շինություններ:

          Ընկերությունում աշխատողների թիվը 211 է:

                  

 

«Երառսպասարկում» ՓԲԸ-ի 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 753-Ն որոշմամբ վերապահվել է  ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման վարչությանը:

Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում:

Ընկերությունը մասնավորեցման չի ներկայացվել:

«Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության հիմնական գործունեության ոլորտը պարենային և ոչ պարենային ապրանքների մեծածախ, մանրածախ առևտրի, հանրային սննդի, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու ուղղությամբ օժանդակության և օգնության կազմակերպման իրականացումն է:  Ներկայումս ընկերությունը մասամբ աշխատում է գործունեության  ոլորտին համապատասխան՝ փոքր ծավալով:

 «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական հասցեն է ք. Երևան,  Մ. Խորենացու 26ա, այդ հասցեում գույք չունի:  

Ընկերությունն ունի`

1. Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 2  հասցեում գտնվող շենքի 353.2 քառ.մ մակերեսով տարածք / հողատարածքը` 0.037 հա/, որը Երևանի քաղաքապետի որոշմամբ դեռևս 2001թ. 25 տարի ժամկետով հանձնվել է վարձակալության «Սահակյան գորգեր» ՍՊԸ-ին:

2. Արին-Բերդի 5-րդ նրբ. թիվ 1 հասցեում 3.470525 հա հողատարածքով 5924.32 քառ.մ մակերեսով շենք և շինություններ:

 

 

Պետական գույքի 2006-2007թթ. մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկերում ընդգրկված «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի թիվ 474-Ն որոշմամբ վերապահվել է  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: Բաժնետոմսերի հանձնում-ընդունումն իրականացվել է 29.04.2010թ-ին:

«Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերությունը իրականացնում է օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, որոնման, հետախուզման և երկրաբանա-տնտեսագիտական գնահատման, ՀՀ հանքահումքային հենքի վիճակի վերլուծության և նրա զարգացման հեռանկարների կանխատեսման, ճյուղային տեղեկատվական համալիրի ստեղծման և կատարելագործման, ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունների կատարելագործման նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքներ:

Ընկերությունում աշխատողների միջին թվաքանակը 16 է:

 

«Արաքս» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող 80% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 17-ի թիվ 1833-Ա որոշմամբ վերապահվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում:

Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 37/8:

Գործունեության ոլորտն է՝ գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կազմակերպումը:

Ընկերությունը իր հիմնական գործունեությամբ չի զբաղվում: «Արաքս» ՓԲԸ-ի գույքի պահառության համար անշարժ գույքի մի մասը տրված է վարձակալության: Ընկերության պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումն իրականացվում է վարձակալությունից ստացված միջոցներով:

«Արաքս» ՓԲԸ-ի շենք-շինությունների մակերեսը կազմում է 2596,03 քմ., իսկ հողամասի չափը՝ 0,41971 հա:

Ներկայումս ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Նախատեսվում է 2016 թվականին «Արաքս» ՓԲԸ-ի 80% պետական բաժնետոմսը ներկայացնել մասնավորեցման: