Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ 2015թ. գործունեության արդյունքների ամփոփում

2015 թվականի ընթացքում Վարչությունը շարունակել է իրականացնել պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման ու լուծարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը:

Պետական գույքի մասնավորեցում և օտարում

Հաշվետու ժամանակաշրջանում Վարչությունում մշակվել և օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության է դրվել պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության  որոշման 4 նախագիծ, որից 2-ն ընդունվել է, 2 որոշման նախագիծ ներկայացվել է կառավարության քննարկմանը:

 

2015թ. պետական անշարժ և շարժական գույքի օտարման վերաբերյալ նախապատրաստվել է կառավարության 13 որոշման նախագիծ, որից 11-ը ընդունվել է, 2-ը ներկայացված է գործադիրի  քննարկմանը: Այդ նախագծերով օտարման է ներկայացվել 25 անվանում անշարժ գույք. ըստ օտարման ձևերի՝ 6-ն ուղղակի վաճառքի ձևով, 19-ը մրցույթով: Կազմակերպված 18 մրցույթներից կայացել է 7-ը:

2015թ. շրջանառության է դրվել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքների սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության 3 որոշման նախագիծ, որոնցով լուծվել է 21 անձով 9 ընտանիքի զբաղեցրած  9 սենյակի սեփականության խնդիրը: Տեղաբնակ անապահով քաղաքացիների ևս 29 ընտանիք՝ 58 անձով, իրենց կողմից զբաղեցված 32 սենյակի սեփականատեր է դարձել:

 

2015 թվականի ընթացքում Վարչությունը կնքել է պետական գույքի օտարման, մասնավորեցման, նվիրաբերության, վարձակալության,  անհատույց օտարման և այլ 418 պայմանագիր: Պետական գույքի կառավարման  դաշտում կնքվել են նաև 76 տարաբնույթ համաձայնագրեր:

 

  Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները

2015թ. ընթացքում պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 51մլն 978 հազ. դրամ, որից պետական բյուջե է փոխանցվել 51մլն 178 հազ.  դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 800 հազ.  դրամ:

2015 թ. պետական գույքի օտարումից ստացվել է 2մլրդ 436մլն 348 հազ.  դրամ, որից պետական բյուջե է փոխանցվել 2մլրդ 397մլն դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 28մլն 342 հազ.  դրամ, արտաբյուջե՝ 11մլն դրամ:

Վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի հիման վրա 2015թ. փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 265մլն 774 հազար դրամ. 2015թ. նախատեսված ցուցանիշը` 205մլն դրամը գերազանցվել է շուրջ 30 տոկոսով:

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների  տեղակայման  և սպասարկման վարձակալության պայմանագրերի հիման վրա 2015 թ. փաստացի մուտքագրվել է 61մլն 871 հազ. դրամ, որից պետական բյուջե է փոխանցվել մոտ 14 մլն դրամ, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 47մլն դրամ, այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 741 հազ. դրամ:

2015թ. պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը պետբյուջե կազմել են 59մլն 378 հազ. դրամ:

Այսպիսով, 2015թ. պետական գույքի կառավարման ոլորտում ստացված միջոցները ընդհանուր կազմել են 2մլրդ 875մլն 349հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 2մլրդ 787մլն 25 հազար դրամը:

Համայնքային բյուջեներ է փոխանցվել 29 մլն դրամից ավելի, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ ավելի քան 47 մլն դրամ, Վարչության արտաբյուջե՝ 11մլն դրամ, այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 741 հազ. դրամ:

Իսկ 2014թ. մուտքերը ընդհանուր կազմել են  2 մլրդ 154մլն 835 հազար դրամ, որից պետական բյուջեի մուտքերը կազմել են 1մլրդ 968 մլն 883 հազար դրամ:

Միայն պետական բյուջեի մասով մուտքերը 2015-ին ավելացել են մոտ 42 տոկոսով:

 

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարում

2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ եղել է 26 ընկերություն, որից 15-ը՝ 100% պետական մասնակցությամբ, 4-ը՝ 50%-ից ավելի և 7-ը՝ 50%-ից պակաս: 2015 թվականին 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր են ընդունվել, 1 ընկերություն լուծարվել է, 1-ը սնանկ է ճանաչվել:

2015 թ. ևս իրականացվել է  պետական մասնակցությամբ`  352  առևտրային կազմակերպությունների  2014թ.-ի տարեկան և 307 առևտրային կազմակերպությունների՝ 2015թ. 1-ին կիսամյակի արդյունքների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն: Վերլուծությունների արդյունքում կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարություն: 

Ընդ որում, ուսումնասիրվել են նաև հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա գործող առևտրային կազմակերպությունների տարեկան աուդիտի եզրակացությունները:

Վարչության ևս մեկ կարևոր գործառույթներից է պետական (կամ պետական մասնակցությամբ) ընկերությունների լուծարման գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

2015 թվականի ընթացքում 4 առևտրային կազմակերպության լուծարման մասին  կառավարության  որոշումներ են ընդունվել:

Նշված ժամանակահատվածում 15 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, 5 կազմակերպություն սնանկ է ճանաչվել և դիմումները ներկայացվել են ընդհանուր իրավասության դատարան: Լուծարման գործընթացում է 30 կազմակերպություն:

2015 թ. լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկած միջոցների արդյունքում մարվել է շուրջ 92 մլն 46 հազ. դրամի կրեդիտորական պարտք, որից  պետական բյուջեի նկատմամբ` 28 մլն 214 հազ. դրամի, համայնքային բյուջեների գծով՝ 140 հազ. դրամի, աշխատավարձի գծով` 41 մլն 170 հազ. դրամի և այլ կրեդիտորական պարտք` 22,5 մլն դրամի:

Պետական գույքի հաշվառում

2015 թ. պետական գույքի հաշվառման բազայում հաշվառվել է 7994 անվանում անշարժ գույք  /ընդհանուր մակերեսը՝ 7 մլն 928հազար քառ.մետրից ավելի/:

Հաշվառվել է 375 իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը /ընդհանուր պետական մասնակցության չափը՝ 136մլրդ 77մլն 107 հազ.դրամ/ և նրանց գույքի կազմում ընդգրկված 1920 անվանում անշարժ գույքը /ընդհանուր մակերեսը՝ 1 մլն 390 հազար  քառ.մետր/:

Հաշվառման բազայում ընդգրկված են նաև պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված 7229 անվանում ոչ նյութական ակտիվներ, 2984 տրանսպորտային միջոց և 12 ջրատար, ինչպես նաև hաշվառված է շուրջ 7539 կմ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհ:

Իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը դրամական արտահայտությամբ 2015թ.կազմել է 136 մլրդ 77 մլն 107հազ.դրամ:

        

Պայմանագրային պարտավորությունների կատարումը

Վարչության գործառույթների շարքում կարևորվում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունը:

2015թ. ընթացքում մասնավորեցման և օտարման պայմանագրերով պարտավորություն է ստանձնել 39 գնորդ:

 Գնորդների՝ պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 1 մլրդ 157մլն դրամ` նախորդ տարվա նախատեսված  757 մլն-ի դիմաց, ապահովելով՝ 52 % աճ: Ինչպես նաև 2 գնորդի կողմից նախատեսվել է կատարել 9մլն 180 հազ.  ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որը նախորդ տարվա նախատեսված 4մլն 270 հազ. ԱՄՆ դոլարի համեմատ ապահովել է 114 % hավելաճ: Իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով 4 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 62 աշխատատեղ:

 Մասնավորեցման և օտարման պայմանագրերով 2015 թվականի ընթացքում դրամային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել են 24 գնորդ, որոնց ներդրումները նախատեսված 838 մլն 962 հազ դրամի փոխարեն կազմել են 971 մլն 920հազ. դրամ (ապահովելով 11,5 % գերակատարում): ԱՄՆ դոլարով արտահայտված ներդրումային պարտավորությունները ևս հաջողությամբ են կատարվել. գնորդը նախատեսված 400 000 ԱՄՆ դոլարի փոխարեն ներդրել է 429 հազար (ապահովվելով՝ 10,7 % գերակատարում): Սոցիալական երաշխիքների մասով պարտավորությունները կատարել են 3 գնորդ և նախատեսված 42 աշխատատեղի փոխարեն ստեղծել  232 աշխատատեղ. այս ցուցանիշը գերազանցվել է 4.5 անգամ :

Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չեն կատարվել 7 գնորդի կողմից, մոտ 68 մլն դրամի չափով, ինչի արդյունքում հաշվարկվել է ընդհանուր առմամբ 7, 5մլն դրամի տուգանք: Չկատարված պարտավորությունների մասով գործերը իրավաբանական վարչության վարույթում են:

4 գնորդների ներդրումներն ընթացքում են, խոսքը 8մլն 780 հազ. ԱՄՆ դոլարի և 20 աշխատատեղի մասին է, իսկ 2 պայմանագրով էլ նախատեսված է այլ տիպի պարտավորություն:

Մեկ գնորդի՝ «Պետական կրկես» ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականի համար պայմանագրով նախատեսված 250մլն դրամի ներդրումային պարտավորությունը կատարվել է դեռևս 2014 թվականին:

2015 թվականի ընթացքում իրավաբանական վարչության գործունեության արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել մոտ 11 մլն դրամ, որից 8,5-ը՝ հարուցված հայցերի, մնացածը բանակցությունների արդյունքում հետ բերված գումարներն են:

Տարվա ընթացքում արդյունավետ են գործել նաև Վարչության  երկու ՊՈԱԿ-ները. ծավալուն աշխատանք են իրականացրել Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունը,  Աճուրդի կենտրոնը:

 

Օրենսդրության փոփոխություններ և բարելավումներ

2015 թվականին Վարչությունում շարունակվել են պետական գույքի կառավարմանն ուղղված մեթոդական բնույթի օրենսդրական փոփոխությունները, որոնց հիմնական նպատակն է կանոնակարգել, հստակեցնել կառավարման գործառույթները և լրացնել այն բացերը, որոնք առաջանում են նոր իրավական ակտերի կիրառման արդյունքում:

 Մշակվել են և ՀՀ կառավարության կողմից ընդունվել են հետևյալ իրավական ակտերը.

1. ՀՀ կառավարության կողմից 2015 թվականին ընդունվել է  «Պետական գույքի կառավարման 2015-2017թթ. ծրագիրը սահմանելու մասին»/ N 411-Ն/ որոշումը:

2. Ընդունվել է  N 800-Ն որոշումը, որի շնորհիվ կբացառվեն շահագործումից դուրս բերված անշարժ գույքի շուկայական գնահատված արժեքից ցածր գնով մասնավորեցումը  կամ օտարումը:

3. N  875-Ն որոշման ընդունմամբ կանոնակարգվել են պետական գույքի հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու դեպքերը, սահմանվել և հստակեցվել են պայմանները, որի արդյունքում բարձրացվել է գործընթացի արդյունա­վետությունը:

4. Ընդունվել է նաև «Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես ծառայողական հատկաց­նելու կարգը հաստատող /N 1402-Ն/ որոշումը: Սրանով կանոնակարգվել են պետական սեփականություն հանդիսացող ծառայողական բնակարանների տրամադրման հետ կապված հարաբերությունները, նախանշվել է բնակարաններից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, սահմանվել է ծառայողական բնակարանների տրամադրման ընթացակարգը:

5. Մեկ այլ որոշմամբ կապահովվի կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացի բարձրացումը:

6. Հաստատվել է նաև  «Պետական գույքի փոխանակության կարգը»

 

ՀՀ կառավարության գործունեության 2016 թվականի միջոցառումների ծրագրով 2016թ. նախատեսվում է մի քանի կարևոր նախագծեր ևս կյանքի կոչել.

 

1.Փոփոխություններ են առաջարկվում կառավարության N 474-Ն որոշման մեջ:

 

Նպատակը պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացումն է: Առաջարկվում է սահմանված ցուցանիշների և պայմանների հիման վրա պետական գույքը կառավարման եռամյա ծրագրում ընդգրկելու համար ներկայացնել հիմնավորված առաջարկություններ: Մասնավորապես, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման, կազմակերպության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու, վերակազմակերպելու, կանոնադրական կապիտալի փոփոխության, ինչպես նաև լուծարման ենթակա կազմակերպությունների վերաբերյալ:

 2. Հաջորդ նախագիծը N 499 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին է:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է 50 տոկոսից պակաս պետական մասնակցությամբ առևտրային  կազմակերպություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման գործընթացը կանոնակարգելու և այն ավարտին հասցնելու կարևորությունից: Մասնավորեցման ծրագրում ընդգրկված կազմակերպությունները  գործունեություն չեն ծավալում և տարիներ շարունակ շահութաբաժին չեն վճարում: Տվյալ դեպքում խնդրի լուծման միակ ճանապարհը այդ կազմակերպությունների հնարավորինս արագ մասնավորեցումն է, որի համար առաջարկվում է մշակել այդ  բաժնետոմսերի մասնավորեցման գործընթացը,  կանոնակարգել բաժնետոմսերի արժեքի որոշման, մասնավորեցման ձևի ընտրության և մասնավորեցման գործընթացը:

3. Մեկ այլ նախագծով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատել:

Մասնավորապես, նախատեսվում է սահմանել նվիրաբերության ենթակա  պետական գույքի  կազմը և նվիրաբերության  սուբյեկտներին տրամադրման  պայմանները,  ինչպես նաև դրանց կատարման նկատմամբ հսկողության կարգը: