Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ պետական բաժնեմասի կառավարման վարչությունն ամփոփում է տարվա 9 ամսվա գործունեության արդյունքները

2015թ. 9 ամիսների ընթացքում ՊԳԿՎ պետական բաժնեմասի կառավարման վարչությունը 352 առևտրային կազմակերպությունների 2014թ. տարեկան և 307–ի 2015թ. 1-ին կիսամյակի արդյունքներով ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն է իրականացրել: Վերլուծությունների արդյունքում կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարություն:

Ընդ որում, այդ շրջանակում ուսումնասիրվել են նաև հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա գործող առևտրային կազմակերպությունների տարեկան աուդիտի եզրակացությունները:

2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությանն  են եղել 26 ընկերություններ, որոնցից 15-ը՝ 100% պետական մասնակցությամբ, 4-ը՝ 50%-ից ավելի և 7-ը՝ 50%-ից պակաս:

Ընկերություններում  իրականացվել են հետևյալ աշխատանքները`

2 ընկերությունում  կանոնադրության փոփոխություն է կատարվել,                              

1 ընկերությունում անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցում է իրականացվել:

Ընկերություններում անցկացվել են 35 արտահերթ և տարեկան ժողովներ, որոնցով հաստատվել են  2015թ. ծախսերի նախահաշիվները, հաստիքացուցակ-ները և 2014թ. տարեկան հաշվետվությունները:

ՀՀ վարչապետի 2015 թվականի փետրվարի 11 թիվ 91-Ա որոշմամբ հաստատված պետական գույքի մասնավորեցման /մասնավորեցման նախապատրաստման/ կամ ընկերությունների լուծարման ներկայացնելու ժամանակացույցին համապատասխան՝ 3 ընկերությունների համար ներկայացվել են մասնավորեցման և 1-ի լուծարման փաթեթներ:

Մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակում  3 ընկերության վերաբերյալ նախապատրաստվել և շրջանառության են դրվել ՀՀ կառավարության որոշման նախագծեր:

2015 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ընդունվել են 3 ընկերությունների լուծարման մասին ՀՀ կառավարության 2 որոշումներ:

Նույն ժամանակահատվածում՝

 11 կազմակերպությունների լուծարման գործընթացն ավարտվել է:

 4 կազմակերպությունների համար սնանկ ճանաչելու դիմումներ են ներկայացվել ՀՀ ընդհանուր իրավասության դատարան:

01.10.2015թ. դրությամբ լուծարման գործընթացում են 33 կազմակերպություններ:

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 57մլն 782 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից՝ ՀՀ պետական բյուջե 16մլն 523 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 140 հազար դրամ,  աշխատավարձի գծով` 37մլն 503 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 3մլն 616 հազար դրամ:

ՀՀ պետական բյուջեի թիվ 900005029039՝ «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 10մլն 196 հազար դրամ, իսկ 120 հազար դրամ դեբիտորական պարտքի ստացման իրավունք վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը: