Մուտք Էլ. փոստ

Ներկայացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության 2014 թ. կատարված աշխատանքները

Ներկայացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության 2014 թ. կատարված աշխատանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության 2014 թ. իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: 
ՀՀ ԿԱ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ 2014 թ. ընթացքում վարչության կողմից պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառվել է 7455 անվանում անշարժ գույք, այդ թվում 14-ը՝ այլ երկրներում, 3-ը՝ ԼՂՀ-ում: Գրանցամատյանում հաշվառվել է 380 իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (ընդհանուր պետական մասնակցության չափը կազմել է 119235334.3 հազ. դրամ), ինչպես նաև դրանց գույքի կազմում ընդգրկված 1923 անվանում անշարժ գույք (ընդհանուր մակերեսը՝ 1388385.28 քառ. մետր): Պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված են 5887 անվանում ոչ նյութական ակտիվներ, 2841 տրանսպորտային միջոցներ և 12 ջրատար, ինչպես նաև 7007.4 կմ երկարությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, որից՝ միջպետական նշանակության 1686.5 կմ, հանրապետական նշանակության` 3572.1 կմ և մարզային նշանակության` 1748.8 կմ:
Արման Սահակյանը ներկայացրել է նաև տեղեկատվություն պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցների վերաբերյալ: Ըստ այդմ, անցած տարի պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 178.352.0 հազ. ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 144.150.0 հազ. ՀՀ դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 34.202.0 հազ. ՀՀ դրամ: 2014 թ. պետական գույքի օտարումից ստացված մուտքերն ունեն հետևյալ տեսքը. գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 1.665.604.0 հազ. ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1.488.783.0 հազ. ՀՀ դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 176.821.0 հազ. ՀՀ դրամ: Վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014 թվականին ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքագրվել է 277.546.8 հազ. ՀՀ դրամ՝ նախատեսված 249.000.0 հազ. ՀՀ դրամի փոխարեն: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014 թ. փաստացի մուտքագրվել է 4.414.4 հազ. ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 937.8 հազ. ՀՀ դրամ, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 3.476.6 հազ. ՀՀ դրամ: Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 57.465.0 հազ. ՀՀ դրամ: Վերը նշված հոդվածներով պետական բյուջեի մուտքերը կազմել են 1.968.882.6 հազ. ՀՀ դրամ, համայնքային բյուջեներ է փոխանցվել 211.023.0 հազ. ՀՀ դրամ:
Պետգույքի վարչության պետը նշել է, որ հաշվետու տարում մասնավորեցման և օտարման պայմանագրերով պարտավորություններ է ստանձնել 25 գնորդ, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 10 757 050 հազար ՀՀ դրամ և 4 270 հազար ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ապահովել 47 աշխատատեղ: Վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ 2014 թ. ընթացքում պայմանագրային պարտավորությունները կատարվել են 12 գնորդի կողմից, որոնց ներդրումները կազմել են 434 859 737 ՀՀ դրամ և 3 083 932 ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ ստեղծվել է 28 աշխատատեղ): Հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել (կամ թերակատարվել են) 4 գնորդի կողմից, որոնց չկատարած ներդրումները կազմել են 63.5 մլն ՀՀ դրամ:
Արման Սահակյանը հայտնել է, որ ճշգրտվել է մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը, իրականացվել է դրանց արտադրական հնարավորությունների և գործունեության հեռանկարների վերլուծություն, և հաշվի առնելով համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների դիրքորոշումը, ներկայացվել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ում և «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ-ում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչներին վերաբերող ընթացակարգերը կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նշված երկու ընկերությունների պետական բաժնեմասի արդյունավետ տնօրինման վերաբերյալ առաջարկություններ ստանալու նպատակով դիմվել է ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության և գիտության նախարարություններ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով պետական կույքի կառավարման վարչության հաշվետվությունը, անդրադարձել է 2015 թ. անելիքներին, գերակա խնդիրներին և դրանց կատարման ընթացքին: Կառավարության ղեկավարը պետգույքի կառավարման վարչությանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաև անավարտ շենք-շինությունների խնդիրը և լուծում գտնել դրանք ավարտին հասցնելու համար: