Մուտք Էլ. փոստ

Կոլեգիայի նիստում

Կոլեգիայի նիստում

        Հուլիսի 13 –ին  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին կից կոլեգիայի նիստ է գումարվել ընդլայնված կազմով` քննարկելու օրակարգային կարևորագույն հարցեր: Նիստին  մասնակցել են նաև  հանրապետության մի շարք բուհերի ռեկտորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը, ողջունելով մասնակիցներին, փաստել է, որ ակնկալում է  կառուցողական երկխոսություն  և ներկայացվող խնդիրների լուծման վերաբերյալ՝ իրատեսական ու գործնական առաջարկներ:

          ՊԳԿ 2012թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը ներկայացրել է պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ Արտաշես Թառլամազյանը: Հիմնական ցուցանիշներից բացի,  Ա. Թառլամազյանն անդրադարձել է նաև անցյալ կիսամյակում կյանքի կոչված՝ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերին: Մշակվել և կառավարության կողմից ընդունվել են որոշումներ, որոնց միջոցով ոլորտի բարեփոխումներն ավելի առարկայական են դառնում: Որոշումներն ուղղված են վարչության ենթակայության տակ գտնող շենք- շինությունների  սպասարկման, վարձակալության կանոնակարգմանը, սոցիալական պետբնակֆոնդի  ձևավորման խնդիրներին, գույքագրման ու գնահատման հիմահարցերի կարգավորմանը, ընդհանուր առմամբ՝ պետական գույքի կառավարման արդյունավետության  բարձրացմանը: Մասնավորապես, պետբաժնեմասով հինգ ընկերություններում փորձնական ներդրվել է լիազոր ներկայացուցիչների իստիտուտը: Նիստում առանձին քննարկում է ծավալվել սպասարկման վարձավճարի հաշվարկման միասնական  սկզբունքների շուրջ:

        Իրավաբանական վարչության պետ Ալլա Սարգսյանը ներկայացրել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը հավաստող անհրաժեշտ հաշվետվությունների և գնորդների կողմից փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ նոր մոտեցումները, որոնք թույլ կտան վերահսկողության գործուն մեխանիզմներ սահմանել և ապահովել պայմանագրերով ամրագրված ներդրումային ու սոցիալական պարտավորությունների կատարումը: Օրակարգային առանձին  հարց էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում պայմանագրային պարտավորությունների հարցը, որի շուրջ, Ա. Սարգսյանի պնդմամբ,  լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կլինի նաև հետագայում:

           Վարչության գլխավոր աուդիտոր Ցողիկ Զաքարյանը կոլեգիայի քննարկմանն է ներկայացրել վարչության ենթակայության ՊՈԱԿ-ների և 50 տոկոս ու ավելի պետբաժնեմասով ընկերությունների ռիսկի ցուցանիշների գնահատման հարցը:

         Բոլոր հարցերի շուրջ առարկայական քննարկումներ են ծավալվել, առաջարկություններ ներկայացվել: Վարչության պետ Արման Սահակյանը նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել պետական,  մասնավորապես դպրոցական շենքերում առկա տարածքների՝ արդյունավետ ու նպատակային օգտագործման խնդրին: Ամփոփելով նիստը, Վարչության պետը գոհունակություն է հայտնել արդյունավետ քննարկումների համար և հավաստիացրել, որ բոլոր  առաջարկությունները համակողմանի  ու մանրամասն կքննարկվեն, հաշվի կառնվեն  նոր մոտեցումները: