Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունում բարձրացվել են աշխատավարձերը

Պետական  գույքի գույքագրման և գնահատման  գործակալությունում բարձրացվել են աշխատավարձերը

 

«Պետական  գույքի գույքագրման և գնահատման  գործակալություն» ՊՈԱԿ-ն ունի  286 աշխատակից, որոնցից 170-ը սպասարկման  ծառայություններ են մատուցում  համակարգի հաշվեկշռում գտնող շենքերում: Խոսքը նաև Կառավարական 2 և 3 շենքերի մասին է, որտեղ սանիտարահիգիենիկ, կոմունալ ծառայություններն իրականացնում են տասնյակ  մարդիկ: Նրանք հիմնականում նվազագույն  աշխատավարձ են ստանում, որը մեղմ ասած,  բավարար չէր կեցության նվազագույն պայմաններն ապահովելու համար:

ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձը վերանայելու հարցը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի օրակարգում էր և մանրակրկիտ քննարկումներից հետո գտնվել է լուծումն՝ առանց ավելացնելու պետական բյուջեի բեռը:

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Պետական  գույքի գույքագրման և գնահատման  գործակալություն է  այցելել Պետական գույքի կառավարման  կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ աշխատակազմի հետ հանդիպելու նպատակով:  Իսկ առիթը  բարի լուրն էր. սեպտեմբերից ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կավելանան մոտ 10 տոկոսով:

Նարեկ Բաբայանը ստորաբաժանման աշխատակազմի հետ անկեղծ զրույց է ունեցել, վստահեցրել, որ բարձր է գնահատում  նրանցից յուրաքանչյուրի կատարած աշխատանքն իր տեղում: «Աշխատավարձերի այս համեստ հավելումը հնարավոր է դարձել գործակալության խնայողությունների ու ներքին ռեսուրսների կենտրոնացման շնորհիվ: Իհարկե, փոփոխությունը չափազանց քիչ է՝ կենսամակարդակի վրա զգալու  համար, սակայն, վստահեցնում եմ ձեզ, որ կառավարությունն այս ուղղությամբ քայլեր է անում և  ըստ ամենայնի, եկող տարի աշխատավարձերի ընդհանուր վերանայման հնարավորություն կլինի: Կյանքի որակին ազդող շատ այլ բաղադրիչներ կան և այսօր կատարվող  փոփոխությունները նաև դրանց են ուղղված: Միասին շատ անելիքներ ունենք, կարևոր աշխատանք եք կատարում  և հաճախ նաև ձեր աշխատանքի որակով է պայմանավորված պետական  գերատեսչություններ այցելողների առաջին տպավորությունը: Հիշեք,որ միշտ ձեր կողքին եմ և մտահոգող ցանկացած հարցով կարող եք դիմել թե ձեր անմիջական ղեկավարին, թե՝ ինձ»,- ասել է Նարեկ Բաբայանը: