Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի կառավարման վարչությունում քննարկվել են առողջապահական հաստատությունների մասնավորեցման խնդիրները

Պետական գույքի կառավարման վարչությունում քննարկվել են առողջապահական հաստատությունների մասնավորեցման  խնդիրները

 

Առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող

հանգեցնել գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխության. ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյան

 

 

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված 47 ընկերություններից  12-ն առողջապահական ոլորտից են, որոնցից 11-ը գործել են ՀՀ առողջապահության նախարարության, իսկ 1-ը՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ: Տասնմեկ ընկերություններից 10-ի բաժնետոմսերը ևս  հանձնվել են վարչության տնօրինմանը:

Այսօր Պետական գույքի կառավարման վարչությունում խորհրդակցություն է հրավիրվել Մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու ընկերություններն ապապետականացման նախապատրաստելու հարցեր:

Ողջունելով մասնակիցներին, Պետական գույքի կառավարման  վարչության պետ Արման Սահակյանն ասել է. «Ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման գործընթացի կազմակերպումն ինքնանպատակ չպետք է լինի: Հատկապես առողջապահական ոլորտի ընկերությունների դեպքում արդեն իսկ պարզ է, որ անհրաժեշտ է կատարել հսկայական ծավալի աշխատանք: Յուրաքանչյուր բուժհաստատության պետք է ցուցաբերվի յուրովի մոտեցում՝ ճիշտ ընտրվի մասնավորեցման ձևը, կիրառվող գործիքակազմը և այլն: Հաշվի առնելով, որ այս ընկերություններն ունեն սոցիալական ուղղվածություն և դրանց մասնավորեցումն ուղղակիորեն ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն ևս պետք է լինեն առավել հրապարակային»:

          Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով հանրային լայն հնչեղության հարցի կարևորությունը, նախատեսվում է առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման շուրջ քննարկումներ կազմակերպել նաև ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, ինչը լրացուցիչ հարթակ կհանդիսանա արդյունավետ որոշումների կայացման համար:

«Առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել դրանց գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը, առավել ևս՝ որևէ կերպ նվազեցնել գործունեության հանրային օգտակարությունը, այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով: Եվ այս պահանջը պարտադիր ամրագրվելու է  առողջապահական ոլորտի մասնավորեցման պայմանագրում՝ որպես գլխավոր նախապայման: Այն պահպանելու է ընկերության իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից»,- ասել է Արման Սահակյանը:

Պատասխանելով բուժհաստատությունների ներկայացուցիչների հարցերին, կառույցի ղեկավարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ պրոֆիլների պահպանության, սոցիալական պատասխանատվության հարցերն առաջնահերթ են և յուրաքանչյուր ընկերության կցուցաբերվի առանձնահատուկ մոտեցում,  իհարկե քննարկումներ կլինեն  նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Այս ոլորտում կարևորվում է պետության դերը նաև ընկերությունների մասնավորեցումից հետո, հատկապես  ծառայությունների մատուցման բնագավառում՝ սակագնային, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարների տրամադրման քաղաքականության  մշակման հարցերում:

Արդեն իսկ ընթացքի մեջ են ընկերությունների ակտիվների և պարտավորությունների գնահատման աշխատանքները: ՊԳԿ վարչության պետը հույս է հայտնել, որ ընկերությունները կարճ ժամանակում խոչընդոտները վերացնելու և խնդիրներն արագ լուծելու քայլեր կձեռնարկեն: Յուրաքանչյուր ընկերության գույքի գնահատումն ավարտելուց հետո շրջանառության է դրվելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

«Ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական, բուն մասնավորեցման և առհասարակ կառավարման գործընթացները  լինելու են  բաց, թափանցիկ և հրապարակային: Սա է մեր Վարչության աշխատաոճը և հատկապես առողջապահական հաստատությունների դեպքում շարունակելու ենք առավել հրապարակային ու թափանցիկ լինել» ,- ասել է Արման Սահակյանը: