Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի կառավարման վարչությունում մեկնարկել են աշխատանքային նոր ծրագրերը

Պետական  գույքի կառավարման վարչությունում  մեկնարկել են աշխատանքային նոր ծրագրերը

 

ՙՙ2017 թվականն ամփոփել ենք աշխատանքային տպավորիչ արդյունքներով, ինչն առավել պարտավորեցնող է՝ այս  տարի առավել արդյունավետությամբ աշխատելու  համար: Մենք ունենք լուրջ ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնց առանցքում Պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրն է / 2018-2020թթ./ և անցումն  էլեկտրոնային աճուրդներին: Տարվա գերակա խնդիրներն ու կառավարության գործունեության ծրագրից բխող միջոցառումները  ևս ամենօրյա ջանքեր են պահանջելու մեզնից՚՚. այսօր հրավիրված խորհրդակցությանն ասել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:  Կառույցի ղեկավարը փաստել է, որ արմատապես բարեփոխվում է պետական գույքի ծրագրային կառավարումը: Սկսած 2011թ.-ից, պետական գույքի կառավարումն իրականացվում է եռամյա ծրագրերի միջոցով, իսկ մեկնարկող   2018-2020թթ. եռամյա ծրագիրը ներառում է ոլորտում նախատեսվող բոլոր գործողությունները. ժամկետային առաջադրանքներն՝ ըստ տարիների, սպասվելիք ֆինանսական արդյունքներն ու  պահանջվող ծախսերը, ակնկալվող հիմնական տնտեսական ցուցանիշները և այլն:

Վարչության պետը հիշեցրել է, որ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններն, ըստ իրենց եռամյա ծրագրերի, պարտավոր են 2018թ.-ից սկսած, յուրաքանչյուր եռամսյակ Վարչություն տեղեկատվություն ներկայացնել առաջադրանքների կատարման վերաբերյալ, ինչին  խստագույնս պետք է հետամուտ լինեն պատասխանատուները և տվյալների ընթացիկ դիտարկմամբ ու վերլուծությամբ հստակ  պատկեր ունենան յուրաքանչյուրի վերաբերյալ: Առաջարկվող բարեփոխումները հնարավորություն կընձեռեն ծրագրերի նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանել և տեղ գտած թերությունները ժամանակին վեր հանել:

Վարչությունում սկսվել են  նաև էլեկտրոնային աճուրդների համակարգի  ներդրման աշխատանքները, որոնց շնորհիվ պետական գույքի վաճառքի գործընթացը կդառնա առավել թափանցիկ ու հրապարակային,  կվերանան վարչական քաշքշուկները, և յուրաքանչյուր անձ էլեկտրոնային կապի  միջոցով կկարողանա մասնակցել աճուրդներին: 

Վարչությունում աշխատանքներ են  տարվում նաև պետական գույքի հաշվառման համակարգը արդիականացնելու ուղղությամբ: Նախատեսվում է հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կատարել էլեկտրոնային ինտեգրացված համակարգին, որը հնարավորություն կընձեռի տարբեր մարմիններին՝ մուտք գործել  համակարգ, փոխանցել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: Օրինակ,  լուսանկարներ, տեսանյութեր և այլն:

Վարչության ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են մեկնարկած աշխատանքային մյուս ծրագրերի ընթացքը, խոսել առաջիկա անելիքների մասին: Անդրադարձ է եղել  նաև Մասնավորեցման ծրագրին,  ընկերությունների գնահատման ու մասնավորեցման  նախապատրաստման,  ինչպես նաև լուծարման, աճուրդային վաճառքի գործընթացներին: Մասնավորապես արձանագրվել է, որ աճուրդների առավել հրապարակայնացման  շնորհիվ անցյալ  տարի հաջողվել է աննախադեպ մրցակցային պայմաններում անցկացնել դրանք,  ինչի արդյունքում ունեցել ենք վաճառքի՝ միջինում առնվազն մեկնարկային գնով արդյունքներ:

Վարչության պետ Արման Սահակյանը հանձնարարել է այսուհետ էլ հետամուտ լինել կարգապահությանն ու միաժամանակ առաջնորդվել աշխատանքի արդյունավետության բարձրացման սկզբունքներով: