Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի կառավարման վարչությունում տարին ամփոփվում է դրական ցուցանիշներով

Պետական գույքի կառավարման  վարչությունում տարին ամփոփվում է դրական  ցուցանիշներով

 

Այսօր` դեկտեմբերի 25-ին,  Պետական գույքի կառավարման  վարչությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի օրակարգային հարցերը հիմնականում առնչվում էին կառույցի տարեկան  գործունեության ամփոփմանը: Վարչության ստորաբաժանումների պատասխանատուները վարչության պետին ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները` թվերով և փաստերով, զեկուցել իրականացվող բազմաթիվ ծրագրերի ու նախաձեռնությունների ընթացքի մասին:

Ըստ այդմ,   2017թվականի աշխատանքային տարին Պետական գույքի կառավարման վարչությունում ամփոփվում է տպավորիչ արդյունքներով:  Մասնավորապես, հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման/ նվիրատվության  հարցը ավարտական փուլում է.  արդեն  իսկ 491 բնակիչների նվիրատվության փաթեթները ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը:

Պայմանագրային պարտավորությունների դաշտում  ակտիվությամբ աչքի են ընկել հատկապես վերջին ամիսները. հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ դրամով ներդրումային պարտավորություն է ստանձնել 4 գնորդ, նախատեսված շուրջ 51 մլն դրամի փոխարեն կատարվել է 140մլն-ի ներդրում: Մեկ գնորդ ստանձնել է 706 570 ԱՄՆ դոլարի ներդրումային պարտավորություն, կատարվել է՝ 710 550 ԱՄՆ դոլարի չափով:

Երկու գնորդ ստանձնել է պրոֆիլի պահպանման պարտավորություն, ինչը ևս կատարվել է:

Անհատույց օգտագործման պայմանագրերով նախատեսված են եղել 12 գործարար ծրագրեր, որից 10-ն արդեն կատարվել են:

Երեք տարի առաջ Վարչությունը, կառույցի ղեկավար Արման Սահակյանի հանձնարարականով,  պետական սեփականություն հանդիսացող շենք­­_ շինությունների տանիքների վրա կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու գործընթացը կանոնակարգելու նախաձեռնությամբ է հանդես եկել, որն այսօր իր պտուղներն է տալիս: Ընթացիկ տարվա  համար այս գծով ծրագրված էր 89 մլն ՀՀ դրամի հավաքագրում, արդեն  իսկ հավաքագրվել է 149 մլն,  նախկինում այդ թիվը տարվա  ընթացքում մի քանի մլն դրամը չէր գերազանցում:

2017-2020թթ Մասնավորեցման ծրագիրը ևս իրականացման ակտիվ փուլում է.  Ծրագրի ցանկերում նոր ընդգրկված՝ պետական բաժնեմասով 23 ընկերություններից 11-ի բաժնետոմսերն արդեն հանձնվել են ՊԳԿ վարչությանը, 20 կազմակերպությունների բաժնետոմսերի գնահատման աշխատանքներն ավարտվել են: Միայն դեկտեմբեր ամսին ՀՀ կառավարությունը 3 ընկերության մասնավորեցման որոշում է կայացրել:

2017թ-ի ընթացքում լուծարվել է 34 իրավաբանական անձ, սնանկության է ներկայացվել 3 ընկերություն: Ներկայումս լուծարման գործընթացում է 11 ընկերություն: Նշված ժամանակահատվածում մարվել է շուրջ 300 մլն դրամի պարտավորություն, որից 70 մլն՝ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ:  Մի քանի ընկերությունների լուծարումից հետո ՀՀ պետական բյուջե է փոխանցվել  78 մլն ՀՀ դրամ:

Ըստ ծրագրային կանխատեսումների, 2017թ. ընթացքում պետական գույքի վարձակալությունից ՀՀ պետական բյուջե պետք է մուտքագրվեր 164 մլն դրամ, 17.12.2017թ. դրությամբ արդեն  իսկ  հավաքագրվել է 212մլն դրամից ավելի գումար:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը փաստել է, որ տարվա  ընթացքում իրենց առջև դրված խնդիրները պատվով կատարվել են, սակայն աշխատանքները պետք է շարունակվեն չթուլացող տեմպով: Կառույցի ղեկավարը հանձնարարել է ստորաբաժանումների պատասխանատուներին՝ տարվա վերջին աշխատանքային օրերին ևս խիստ վերահսկողությամբ  հետամուտ լինել ծրագրային աշխատանքներին, շարունակել  արդյունավետ բանակցությունները գործող և  ակնկալվող ներդրումային ծրագրերի շուրջ, իսկ պայմանագրային պարտավորությունների դաշտում լրացուցիչ ուսումնասիրել այն գործերը, որոնցով թերացումներ են արձանագրվում:

Վարչության պետը աշխատակազմին հիշեցրել է, որ մինչև տարեվերջ կաշխատեն ծանրաբեռնված գրաֆիկով, ինչը  կշարունակվի նաև 2018-ին: