Մուտք Էլ. փոստ

26 ընտանիքի նվիրատվությամբ հանրակացարանային տարածք է հատկացվել

26 ընտանիքի նվիրատվությամբ  հանրակացարանային տարածք է հատկացվել

 

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում  շարունակվում է հանրակացարանային տարածքների նվիրատվության /սեփականաշնորհման/ գործընթացը:  Նվիրատվության պայմանագրերի հերթական խմբաքանակը կնքվել է այսօր` դեկտեմբերի 5-ին, վարչությունում:

ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 401-Ա որոշմամբ սահմանվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող՝ 2066.6 քառ.մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը պետք է նվիրատվությամբ հատկացվեն  այնտեղ փաստացի բնակվողներին:

Վարչության պետ Արման Սահակյանի հանձնարարականով ՊԳԿՎ աշխատակիցներն այցելել են տվյալ համայնք, լրացուցիչ ճշգրտումներ կատարել, աջակցել բնակիչներին՝ փաստաթղթերը նախապատրաստելու և նվիրատվությունն ընդունելու  համար:

Սույն որոշման շրջանակում 26 ընտանիքի  119 բնակչի հետ կնքվել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերը:

ՀՀ ԿԱ պետական  գույքի կառավարման  վարչության պետ Արման Սահակյանը շնորհավորել է բնակիչներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ. «Մաղթում եմ, որ սեփականության իրավունքով նվիրատվությամբ պետությունից ձեռքբերված բնակարանը երջանկության ու հաջողության հանգրվան լինի յուրաքանչյուր ընտանիքի համար և մենք էլ արդարացված տեսնենք մեր ջանքերը: Այս առիթով կրկին ուզում եմ հայտարարել  և հորդորել հանրակացարաններում ապրող բոլոր մեր քաղաքացիներին՝ դիմեք մեզ, տեր կանգնեք  սեփականության ձեր իրավունքին: Օրենքով սահմանված չափորոշիչներին  համապատասխանելու դեպքում Պետական գույքի կառավարման վարչությունում ձեզ կօգնեն, որպեսզի խնդիրը շատ արագ  կարգավորվի, ավելորդ  ժամանակ ու ֆինանս չծախսեք»:

Հիշեցնենք, որ համաձայն գործող կարգի, հանրակացարանային տարածքները նվիրվում են առնվազն հինգ տարի դրանք զբաղեցնող անձանց՝ այն դեպքում, եթե նրանք սեփականության իրավունքով  այլ անշարժ գույք չունեն:

Վերջին տարիներին նվիրատվության/սեփականաշնորհման/ գործընթացը եզրափակիչ ակտիվ փուլ է տեղափոխվել, ինչի արդյունքում արդեն իսկ 1023 ընտանիքի սեփականության իրավունքով հանձնվել է 1137 հանրակացարանային սենյակ, որից 796-ը՝  մայրաքաղաքում և 341-ը` մարզերում:

Վարչությունում այս ուղղությամբ իրավիճակի գույքագրում է իրականացվել, ըստ որի՝ շուրջ 897 սենյակ դեռևս ենթակա է նվիրատվության: