Մուտք Էլ. փոստ

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարում

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարում

 

2016 թվականի տարեկան արդյունքների հիման վրա պետական կառավարման մարմինների ենթակայության՝ 207 առևտրային կազմակերպություններից 189-ի և 2017թ. առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա՝ 210 առևտրային կազմակերպություններից 195-ի համար ֆինանսատնտեսական վերլուծություն է իրականացվել: Վերլուծությունների արդյունքում կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարություն:

Վերլուծության արդյունքում, այն առևտրային կազմակերպությունների համար, որոնց զուտ ակտիվները (սեփական կապի­տալը) հաշվետու տարում բացասական մեծություններ են կամ կուտակած վնասները հաշվետու տարում՝ նախորդող տարվա համեմատ կազմել են 50%-ից ավելի, դրանց հետագա գործունեության վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնելու նպատակով Վարչությունը համապատասխան գրություններով դիմել է պետական կառավարման մարմիններին: Ստացված առաջարկներն ու պարզաբանումներն ամփոփվել և սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն:

Հաշվետու ժամանակահատվածում՝

- <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>> ՀՀ օրենքի ցանկերում ընդգրկված 19 ընկերության և 1 գույքի մասնավորեցման նպատակով ներկայացվել են գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ, որոնցից 7-ը Վարչության ենթակայության ընկերություններ են, մնացածը՝ այլ գերատեսչությունների: Երկու ընկերության բաժնետոմսերը գնահատվել են, դրանց համար մշակվել և շրջանառության են դրվել մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծեր (<<Ընդերքաբան>> ԲԲԸ և  <<Էներգոիմպեքս>> ՓԲԸ):

-  2 ընկերությունների համար ընդունվել են մասնավորեցման մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներ:

-  1 ընկերությունում իրականացվել է կանոնադրության փոփոխություն,

- 1 ընկերության անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում իրականացվել է անճշտությունների ուղղում:

- հրավիրվել է տնօրենների խորհրդի 2 նիստ, անցկացվել են տարեկան  և արտահերթ 21 ժողովներ:

ՀՀ վարչապետի տարբեր հանձնարարարականներով`

- գրություններ են ներկայացվել ՀՀ պետական կառավարման մարմիններին՝ իրենց ենթակայության պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործարար ծրագրերի տրամադրման համար: Ստացված ծրագրերն ուսումնասիրվել են, տեղեկատվությունն ամփոփվել է:

- 2013-2015թթ. տարեկան տվյալների հիման վրա իրականացված՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության ամփոփ տեղեկանքը (հիմք ընդունելով ընկերությունների կողմից ձևավորած շահույթը (վնասը), կուտակված վնասի չափը, զուտ ակտիվների մեծությունը, վճարված շահութաբաժինների չափի մասին տեղեկատվությունը) ներկայացվել է ՀՀ վարչապետի քննարկմանը,

- իրականացվել են պետական կառավարման մարմինների կողմից տրամադրած՝ իրենց ենթակայության առևտրային կազմակերպությունների շահութաբաժինների ավելացման ուղղությամբ առաջարկների, տնօրենների գնահատման չափորոշիչների ուսումնասիրությունների ամփոփման աշխատանքները: