Մուտք Էլ. փոստ

Սկսվել է ՊԳԿՎ ենթակայության հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման վերջնական փուլը

Սկսվել է ՊԳԿՎ ենթակայության հանրակացարանային տարածքների  սեփականաշնորհման  վերջնական փուլը

 

Այսօր՝ մայիսի 23-ին,  Պետական գույքի կառավարման վարչությունում  կնքվել և բնակիչներին է հանձնվել հանրակացարանային տարածքների նվիրատվության պայմանագրերի հերթական խումբը:

ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 341-Ա որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերի  բնակելի տարածքները նվիրատվությամբ հանձնվել են դրանք զբաղեցրած ՀՀ քաղաքացիներին:

Խոսքը 17 ընտանիքի 45 բնակիչների մասին է, որոնք հարյուրավոր այլ քաղաքացիների պես տարիներ շարունակ ապրում են  հանրակացարաններում, սակայն ինչ-ինչ պատճառներով զբաղեցրած տարածքների  սեփականաշնորհման գործընթաց չէին նախաձեռնել: Վարչության մասնագետները բազմիցս այցելել են նրանց,  պարզաբանել դյուրացված կարգն ու աջակցել անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և նվիրատվության գործընթացը սեղմ ժամկետում  իրականացնելու հարցում, ինչպես նաև  ուսումնասիրություն և վերջնական  գույքագրում կատարել, ինչի արդյունքում մի քանի տասնյակ  սենյակների բնակիչներ ևս սեփականաշնորհման  կամ նվիրատվության գործընթաց են նախաձեռնել:

          Կնքված պայմանագրերն այսօր բնակիչներին է հանձնել Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը,  հորդորել համարձակ իրացնել սեփականության իրենց իրավունքը,  փոխանցել նաև գործընթաց չսկսած  մյուս քաղաքացիներին, որպեսզի դիմեն և արագացված ընթացակարգով  սեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:

<<Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության խնդիրները Պետական գույքի կառավարման վարչության առաջնահերթություններից են և դրանք հիմնովին  կարգավորելու համար վերջին տարիներին մի շարք կարևոր  քայլեր ենք իրականացրել, իսկ 2017թ. նախատեսել ենք տարիներով ձգձգված խնդիրը հիմնովին լուծել: Մենք  ինքներս ենք գնում քաղաքացիների մոտ, հատկապես որ անապահով են,  ընդառաջում ենք նրանց, աջակցում հնարավոր բոլոր  միջոցներով, որպեսզի նրանց առօրյային դրական ազդակ ու որոշակի առաջընթաց հաղորդենք: Այս նպատակով առաջիկայում պատրաստվում ենք ևս մեկ  նախաձեռնությամբ դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի առկա որոշ խոչընդոտներ ևս վերացվեն իրավական  ճանապարհով>>. ասել է կառույցի ղեկավարը:

 

Տեղեկացնենք, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությանն է հանձնված մարզերում և մայրաքաղաքում  գտնվող 20 հանրակացարան, որոնցից արդեն իսկ 1071 սենյակ սեփականաշնորհման և նվիրատվության ճանապարհով  բնակիչների սեփականությունն է դարձել: Մնացել է 387 սենյակ, որոնք զբաղեցված են 363 ընտանիքի կողմից: Հանրակացարանային սենյակների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացը շարունակվում է: