Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ- ում այսօր կնքվել է Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքի նվիրաբերության պայմանագիրը

ՊԳԿՎ- ում այսօր կնքվել է Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքի նվիրաբերության պայմանագիրը

 

ՀՀ կառավարության՝ այս տարվա մարտի 23-ի N 273 - Ա որոշմամբ Երևանի՝ Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի համար նախատեսված տարածքը՝ 1224.4 քառ. մետր մակերեսով և զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասով, նվիրաբերվել են «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով:

Այսօր՝ ապրիլի 28-ին, Պետական գույքի կառավարման վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ հանդիսավորությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուրը» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը, որը Շառլ Ազնավուրի որդի՝ Նիկոլա Ազնավուրի կինն է:

Հիշեցնենք, որ ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով:

«Ազնավուրը» հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ, սոցիալական այլ ծրագրեր կիրականացվեն: Կենտրոնում նաև ձայնագրման ստուդիաներ և գրասենյակներ կգործեն: