Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ 2017թ. գերակա խնդիրը չաշխատող պետական ակտիվների վերագործարկումն է

ՊԳԿՎ 2017թ. գերակա խնդիրը չաշխատող պետական ակտիվների վերագործարկումն է

 

Պետական գույքի կառավարման վարչությունում շարունակվում է կառավարության գործունեության ծրագրից բխող՝ 2017թ-ին նախատեսված միջոցառումների և գերակա խնդիրների իրականացումը: Մասնավորապես, տարվա գերակա խնդիր է հայտարարվել պետական՝ չաշխատող ակտիվների վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրումը:

Այդպիսի  գույքի տնտեսական շրջանառության մեջ ընդգրկելը կաշխուժացնի տնտեսությունը,  կբարձրացնի  պետական գույքի տնօրինման արդյունավետությունը, ինչի նպատակով էլ դրվել է խնդիրը: Իսկ խնդրի լուծմանը կարելի է հասնել իրատեսական ներդրումային ծրագրերի, կազմա­կերպու­թյունների վերակազմակերպման կամ հավատարմագրային կառավարման հանձնելու և այլ ճանապարհներով:

Պետական գույքի կառավարման գերակա խնդրի լուծումը, մասնավորապես, կապահովի պետական բյուջեի մուտքերի ավելացումը՝ անշարժ գույքի օտարումից: Կանխատեսվում է, որ 2017 թվականի 1-ին կիսամյակում մոտ 265 մլն դրամ կգոյանա՝ միայն  չօգտագործվող տարածքների օտարումից: ՀՀ պետական բյուջեի մուտքերը կավելա­նան նաև չօգտագործվող գույքը վարձակալության տրամադրելու, ներդրումային նոր ծրագրերի ներգրավման միջոցով:

Պետական բյուջեի մուտքերը կավելանան նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության աշխուժացումից՝ շահութաբաժինների գծով, որի հետևանքով կմարվեն  նաև պետության և այլ կրեդիտորների նկատմամբ պարտա­­վորությունները:

Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման վարչության պետի հանձնարարականով, մինչև հուլիս պետք է առաջարկություններ ներկայացվեն՝ պետական սեփականություն համարվող, չաշխատող անշարժ և շարժական գույքի հետագա տնօրինման վերաբերյալ,  ինչը շարունակական գործընթաց է և որի արդյունքները պարբերաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը: