Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ Աճուրդի կենտրոնում ամենամեծ պահանջարկն ունեն փոխադրամիջոցները

ՊԳԿՎ Աճուրդի կենտրոնում ամենամեծ պահանջարկն ունեն փոխադրամիջոցները

 

Պետական գույքի կառավարման վարչության Աճուրդի կենտրոնում 2017թ. ընթացքում`  17.02. դրությամբ, վաճառքի էր  ներկայացված 350 լոտ, որից 282-ը՝ տրանսպորտային միջոց, 62-ը՝ այլ  շարժական գույք, 6-ը՝ լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների անշարժ գույք: Ներկայացվածներից վաճառվել է 177 լոտ, որից 138-ը՝ փոխադրամիջոց, 40-ը՝ այլ  շարժական գույք, 2-ը՝ լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների գույք:

Վաճառված տրանսպորտային միջոցների մեկնարկային ընդհանուր գինը կազմել է 37 մլն 232 հազար ՀՀ դրամ, իսկ  վաճառքի ընդհանուր գումարը կազմել է  մոտ 43 մլն  488 հազ. դրամ` 6մլն256 հազ.դրամով կամ  մոտ  17 տոկոսով ավելի: Վաճառված տրանսպորտային միջոցների կատարման տոկոսը  2016թ-ի համեմատ աճել է շուրջ  60 տոկոսով:

Այս փաստերը վկայում են աճուրդների մրցակցային պայմանների մասին.  մեքենաները հիմնականում վաճառվում են մեկնարկայինից բարձր գնով: Հիշեցնենք, որ օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա և օրական հարյուրավոր քաղաքացիներ են այցելում ինչպես պահառության կենտրոնացված վայր, այնպես էլ՝  Աճուրդի կենտրոն, բազմաթիվ  հեռախոսազանգեր են  հնչում  Վարչության թեժ գծով:

Հրապարակային աճուրդները շարունակվում են, դրանց վերաբերյալ ծանուցումները հրապարակվում են ՊԳԿՎ պաշտոնական՝ spm.am և ԱՆ azdarar.am կայքերում:

Աճուրդի  կենտրոնում բավականին մեծ հետաքրքրություն կա նաև վարձակալությամբ տրվող տարածքների նկատմամբ, ինչը պայմանավորված է վերջին տարիներին այստեղ ևս հրապարակային աճուրդների կիրառմամբ: Այսինքն, պետական սեփականություն հանդիսացող, ինչպես  նաև ՊՈԱԿ-ներին ամրացված տարածքները ևս վարձակալության են տրամադրվում հրապարակային սակարկությունների միջոցով. 2017թ. շուրջ 1 ամսվա ընթացքում  կազմակերպվել է  վարձակալության տրամադրման 35 աճուրդ, որից կայացել է 24-ը, իսկ վաճառքի էր ներկայացվել 63 լոտ: Համեմատության համար նշենք, որ 2014թ. ընթացքում օրինակ, կազմակերպվել է գույքի վարձակալության տրամադրման 196 աճուրդ՝ կայացել էր 138-ը,  2013թ-ին՝ 153 աճուրդ, կայացել էր 117-ը:

Ըստ այդմ, վերջին տարիներին բազմակի ավելացել են ՊՈԱԿ-ների տարածքների վարձակալությունից գոյացող մուտքերը: Եթե 2011-12թթ. դրանք կազմել են 45-46 մլն դրամ, ապա 2016թ-ին այդ թիվը կազմել է 141 մլն դրամ: