Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ ենթակայության հանրակացարանային տարածքների մեծ մասը սեփականացված է

ՊԳԿՎ ենթակայության հանրակացարանային տարածքների մեծ մասը սեփականացված է

 

 

Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության խնդիրները Պետական գույքի կառավարման վարչության առաջնահերթություններից են և դրանք հիմնովին  կարգավորելու համար վերջին տարիներին մի շարք կարևոր  քայլեր են իրականացվել:

2017թ. աշխատանքային ծրագրերում ևս խնդիրն առանցքային տեղում է: Դեռևս տարեսկզբին հրավիրած խորհրդակցությանը ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը հանձնարարել էր հարցով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցներին` ևս  մեկ անգամ այցելել հանրակացարաններ, հանդիպել, զրուցել այն մարդկանց հետ, որոնք դեռևս չեն սեփականացրել իրենց զբաղեցրած տարածքները, պարզաբանել դյուրացված կարգը, աջակցել պահանջվող փաստաթղթերի հավաքագրման հարցում:

Շուրջ երկու շաբաթվա ընթացքում ՊԳԿՎ աշխատակիցները շրջայցեր են կատարել Վարչության ենթակայությանը հանձնված, մայրաքաղաքում և մարզերում գտնվող հանրակացարաններում, ուսումնասիրություններ կատարել, զրուցել բնակիչների հետ, տեղերում  իրավական ու տեղեկատվական  աջակցություն ցուցաբերել: Այցերի ընթացքում տրված պարզաբանումների արդյունքում մի քանի տասնյակ  սենյակների բնակիչներ ցանկություն են հայտնել սեփականաշնորհման  կամ նվիրաբերության գործընթաց սկսել:

Այցերի արդյունքներն ամփոփվել են  և քննարկվել այսօր՝ Վարչությունում հրավիրված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև հանրակացարանների բնակիչներ: Վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի առաջարկությամբ ներկայացվել են   նվիրատվության ու սեփականաշնորհման գործընթացի օպերատիվությանը խանգարող պատճառներն ըստ բնակիչների.

ըստ այդմ, հանրակացարաններում ապրող բնակիչների՝ տարածքների սեփականացան հետ կապված խնդիրները բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի.

 

ա.Բռնագաղթած ընտանիքներ, որոնք չեն ցանկանում իրենց կողմից զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, քանի որ պետությունից բնակարանային պայմանների  բարելավում են ակնկալում իրենց բազմանդամ ընտանիքների համար:

բ. Անապահով տեղաբնակ  ընտանիքներ, որոնք չեն  կարողանում պետության կողմից առաջարկվող նվիրաբերության գործընթացին մասնակցել՝ սպասարկման վարձավճարների գծով կուտակած պարտքերի պատճառով:

գ. Իրենց զբաղեցրած տարածքներում փոփոխություններ, ընդլայնումներ են կատարել  և ցանկանում են դրանք  ևս ներառել տարածքի  սեփականաշնորհման ժամանակ:

դ. Որոշ ընտանիքների անդամներ համատեղ սեփականության իրավունքով գույք ունեն

ե.  Հաշվառման պահանջվող ժամկետի հետ կապված խնդիր ունեն

զ. Տևական ժամանակով բացակայում են երկրից:

 

Ա.Մարկոսյանը հանրակացարանների բնակիչներին է ներկայացրել նրանց  կողմից բարձրացված խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, ևս մեկ անգամ հավաստիացրել, որ ,Վարչությունում ամեն ինչ արվում է բնակիչների շահերը պաշտպանելու և հօգուտ նրանց որոշումներ կայացնելու համար: Վարչության պետի տեղակալը հանձնարարել է փաստաթղթերի ներկայացման հարցում ակտիվ համագործակցել պետական մյուս գերատեսչությունների հետ՝ հանրակացարանների բնակիչներին աջակցելու նպատակով,որպեսզի կարողանան սեփականաշնորհման  կամ նվիրաբերության գործընթաց սկսել և սեղմ ժամկետում ավարտել այն:

 

Տեղեկացնենք, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությանն է հանձնված մարզերում և մայրաքաղաքում  գտնվող 20 հանրակացարան, որոնցից արդեն իսկ 1071 սենյակ սեփականաշնորհման և նվիրատվության ճանապարհով  բնակիչների սեփականությունն է դարձել: Մնացել է 387 սենյակ, որոնք զբաղեցված են 363 ընտանիքի կողմից: Հանրակացարանային սենյակների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացը շարունակվում է: