Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ-ն դիտարկում է պետական կառավարման 32 մարմնի ենթակայության՝ 210 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը

ՊԳԿՎ-ն դիտարկում է պետական կառավարման 32 մարմնի ենթակայության՝ 

210 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը

 

Պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ կառավարության 2004թ նոյեմբերի 18 թիվ 1844-Ն որոշմամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության  պետական կառավարման  32 մարմինների 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների  ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով: Դիտարկումները ներառում են ընկերությունների ակտիվների և պարտավորությունների, ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության օբյեկտների, լիցենզիաների և գույքի օգտագործման այլ իրավունքների, ինչպես նաև եկամուտների և ծախսերի մասին տեղեկատվությունը:

Ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների, վերլուծության ամփոփ հաշվետվությունը կիսամյակային և տարեկան կտրվածքով ներկայացվում է ՀՀ կառավարություն և ֆինանսների նախարարություն: Պարբերաբար ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է պարզաբանումներ ներկայացնել մոնիտորինգի արդյունքում իրենց ենթակայության ընկերությունների ցուցանիշների վատթարացման պատճառների և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

Ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես հիմնական ցուցանիշ՝ հիմք են ընդունվում կազմակերպության վնասով կամ շահույթով աշխատելու հանգամանքը, ինչպես նաև մի շարք հաշվարկվող գործակիցներ,  ինչպես նաև`դիտարկվում է եկամուտների և ծախսերի  հարաբերակցությունը:

Ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության արդյունքում Վարչությունն ըստ իրավիճակի, առաջարկություններ է ներկայացնում ընկերությունների՝

 

-կառավարման արդյունավետության և գործարար ակտիվության բարձրացման,

- կանոնադրական կապիտալի նվազեցման,

-  սահմանված կարգով լուծարման,

-  հիմնական գործունեության վերանայման,

- բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասով: 

Մասնավորապես, ՀՀ կառավարությունը 2015թ հունվարի 15-ի ընդունել է <<ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ  ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 41-Ա որոշումը, որով ՀՀ մարզպետարանների ենթակայության 152 ՓԲԸ վերակազմակերպվել են ՊՈԱԿ-ի/ պետական ոչ առևտրային կազմակերպություն/, ինչը թույլ է տալիս սոցիալական խնդիրներ լուծել` պետական բյուջեից խնայողություն կատարելով:

2016թ առաջին կիսամյակի տվյալներով պետական մասնակցությամբ 210 կազմակերպությունների մոնիտորինգ է իրականացվել: Հիշեցնենք, որ համաձայն Հաշվապահական հաշվառման  մասին ՀՀ օրենքի, տվյալ տարվա ֆինանսատնտեսական գործունեության ամփոփումը կատարվում է մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը:

Ցանկում  ընկերությունների թվով առաջատարը Առողջապահության նախարարությունն է՝ համակարգում գործող 22 ընկերությամբ: ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ 21 ընկերություն է, նույնքան՝  Շիրակի մարզպետարանի: Գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ կա 15 ընկերություն, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ 13: Առնվազն 3 ընկերություն է գործում յուրաքանչյուր  մարզպետարանի ենթակայությամբ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս անդրադարձել է պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության արդյունավետության խնդրին, հանձնարարել ՊԳԿ վարչությանը` դիտարկումների հիման վրա վեր հանել անարդյունավետ գործող ընկերությունների ցանկը, արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկություններ ներկայացնել, ինչպես նաև ընկերություններից սեղմ ժամկետում գործարար ծրագրեր պահանջել:

Պետական գույքի կառավարման վարչությունը պետք է սահմանված ժամկետում գնահատի ներկայացվելիք գործարար ծրագրերը, ամփոփի ընդհանուր պատկերն ու բովանդակային առաջարկություններ ներկայացնի ՀՀ վարչապետին: