Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի կառավարման իրավապայմանագրային դաշտը պարտավորությունների կատարման երաշխավորն է

 

Պետական գույքի կառավարման իրավապայմանագրային դաշտը պարտավորությունների կատարման երաշխավորն է

 

 

Վերջին տարիների  հետևողական աշխատանքը Պետական գույքի կառավարման վարչությունում ստեղծել է արդյունավետության ու կանխատեսելիության բարձր մակարդակ,  ինչը թույլ է տալիս պետական գույքն ավելի պաշտպանված դարձնել, կառավարումն՝ ավելի ճկուն:

Իրավիճակը դիտարկենք՝ վարչության իրավաբանական ծառայության վերջին տարիների գործունեության արդյունքով. ի դեպ, հենց այս ստորաբաժանումից է  կառույցի բարեփոխումները սկսել  ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը, խիստ հսկողության տակ առնելով իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու հստակեցման աշխատանքները:

2011 թվականի դրությամբ իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնում 300-ից ավելի խնդրահարույց գործ է եղել: Ուսումնասիրությունների արդյունքում շատ կարճ ժամկետում առանձնացվել են երևույթի և դրա բացասական հետևանքների առաջացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Ակնհայտ էր, որ առաջնային խնդիրը իրավական դաշտի կարգավորումը պետք է լիներ:

Վարչության մասնագետների կողմից վերջին տարիներին լուրջ աշխատանք է կատարվել կնքվող պայմանագրերի որակի կատարելագործման, ինչպես նաև պայմանագրերի հիմքով իրականացվող պատշաճ վերահսկողության ապահովման և հնարավոր խախտումների դեպքում՝ պատշաճ դատավարական պաշտպանության ուղղությամբ:

Ձեռնարկված քայլերի, կատարված աշխատանքների ու բարեփոխումների արդյունքում ներկայումս Վարչության կողմից կնքվող պայմանագրերը լիարժեք համապատասխանեցված են գործող օրենսդրության պահանջներին, հստակեցված են պայմանագրային կողմերի իրավունքները և պարտականությունները, սահմանված են յուրաքանչյուր չկատարած պարտավորության համար պատասխանատվության համապատասխան միջոցներ, ամրագրված է երաշխիքային և երաշխավորության ինստիտուտը, մասնավորապես՝ գրավի ինստիտուտը, իրականացվում է պատշաճ վարչարարություն:

 

    2013-2015 թվականների հարուցված հայցերի ու բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 122 180 406 ՀՀ դրամ գումար:

Իսկ արդեն 2016 թվականին հարուցված հայցերի ու բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել  19 289 165 ՀՀ դրամ, որից մասնավորեցման գործերով՝   15 907 504, վարձակալական գործերով՝  3 381 661ՀՀ դրամ գումար:

Ստորաբաժանման վարույթում գտնվող  գործերի քանակը  տարվա  ընթացքում 114 էր, որից 81 գործ՝ գումարային, 33-ը՝ այլ պահանջներով: ՀՀ քաղաքացիական և վարչական դատարանների տարբեր ատյաններում 54 գործով դատական գործընթացներ են իրականացվում. վարչությունը հանդես է գալիս ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմ:

    Վարչության օգտին բավարարված հայցերով 41 գործ  հարկադիր կատարման փուլում է:

Վարչությունը սնանկության 19 գործով հանդես է գալիս որպես պարտատեր:

 Պետական բյուջեի նկատմամբ տարիների ընթացքում  կուտակված պարտքերով խնդրահարույց գործերի  գերակշիռ մասը գոյացել է մինչև 2011 թվականը հարուցված հայցերով: Դրանք այսօր գտնվում են ինչպես սնանկության, այնպես էլ ԴԱՀԿ վարույթում, հետախուզման հիմքով կատարողական վարույթներն ավարտվել են: Վարչությունը պարբերաբար տեղեկատվություն է պահանջում համապատասխան մարմիններից և պատշաճ հսկողություն իրականացնում:

Վարչության կողմից հարուցված հայցերը, շնորհիվ հետևողական աշխատանքի և իրավապայմանագրային ոլորտում վերջին տարիներին իրականացված լուրջ բարեփոխումների, հիմնականում բավարարվում են և օրինական ուժի մեջ մտնում: